Tag Archives: facebook

Փորձարկում ենք Google+ ծառայությունների փաթեթը

Վերջապես այսօր ստացա Google+ ծառայությունների փաթեթի հրավեր: Բլոգում մի քանի օր առաջ դրա մասին գրել ենք: Եթե չեք կարդազել գրառումը, ասեմ, որ այն սոցիալական ցանց է, որը կապում է Google-ի հին ծառայությունները (GMail, Picasa, Chat և այլն) և առաջարկում է նորերը (դրանց մասին դեռ կխոսենք):

Առաջին անգամ Google+ի գլխավոր էջը տեսնելուց միանգամից մտածում ես, որ այն facebook-ի կլոնն է (կամ, չլինի facebook-ի ձևավորումը փոխել են…):
Capture
«Ընկերներին» կարելի է խմբավորել Circles (շրջանակներ) կոչվող օբյեկտներում: Հետագայում խմբային չատ, խմբային վիդեոչատ (սրա անունն էստեղ hangouts է) կազմակերպվում է հենց նույն շրջանակներում:
image 
Facebook-ի «պատին» այստեղ փոխարինում են stream-ները (հոսք), ընդ որում ամեն շրջանակ ունի իր առանձին հոսքը: Նոր նկարներ, վիդեոներ, պատմություններ, հղումներ ավելացնելիս կարելի է նշել այն հոսքերը, որոնք կարող են տեսնել նորությունները: Սա բավականին հարմար է (օրինակ, երբ չես ուզում, որ աշխատանքի վայրում տեսնեն վերջին ընկերական խնջույքի նկարները (նույն բանը կարելի է անել նաև facebook-ում, բայց հրապարակման կարգավորումները այնտեղ գործում են անհատներին նշելու/հեռացնելու սկզբունքով)): ստանալ Հոսքերի գրառումների տակ մեկնաբանություններ թողնելու մեխանիզմը գրեթե նույնն է, ինչ facebook-ում:
Շատ ուրախացրեց Photos-ը: Նախ և առաջ, գրանցվելիս Google+ը թույլ է տալիս կապել G+ Photos-ը Picasa-ի հետ: Այսպիսով Picasa-յում տեղադրված բոլոր նկարները (իրենց հրապարակելու կարգավորումներով) հասանելի են G+ Photos-ում և հակառակը: Նկարները դիտելու ու կառավարելու գործընթացը շատ հարմարավետ է:
image 
Facebook-ի Page-երին այստեղ փոխարինում են ավելի պարզեցված Sparks-ը: Սա պարզապես ձեր նախընտրած թեմայով տարբեր կայքերից պարբերաբար հոդվածներ է հավաքում և ներկայացնում է մեկ հոսքի ներքո, թույլ տալով ցանկության դեպքում կիսել (share) դուր եկած հոդվածը ընտրյալ շրջանակների հետ:
image
Եվ վերջապես աուդիո/վիդեո չաթերի մասին: Հաճելի է նկատել, որ աուդիո «զանգ» կարելի է անել ընկերներին անմիջապես չաթի պատուհանից (որը գրեթե ոչնչով չի տարբերվում facebook-ի չաթի պատուհանից): Առավել ուրախացնում է խմբակային վիդեո չաթը: Այն աշխատացնելու համար Google+ը պահանջում է տեղադրել Google Audio/Video plugin անունը կրող հավելում: Խմբակային վիդեո չաթը աշխատում է, ինչպես և խոստացված էր: Hangout-ին մասնակցել կարող են առավելագույնը 10 մարդ: Կենտրոնական մեծ պատուհանում երևում է այն մասնակցի [ուղիղ եթերով] պատկերը, ում ձայնը տվյալ պահին ամենաբարձրն է:

Ընդհանուր առմամբ, Google+ը ամենևին չի հեղաշրջում սոցիալական կայքերի ոլորտը, և միայն ժամանակը ցույց կտա, թե կդառնա այն արդյոք այնքան տարածված, որքան facebook-ն ու twitter-ն են: Մյուս կողմից, շատ քիչ ծառայություններ կարող են պարծենալ խմբակային վիդեո չաթ առաջարկելու (անվճար!) հնարավորությամբ: Այնպես որ, փորձել արժե, բայց, մեկը ես ամբողջովին «տեղափոխվել» Google+ դեռևս չեմ պատրաստվում:

P.S. Facebook-ը չի պատրաստվում ձեռքերը ծալած կանգնել և շուտով այն կգործարկի սեփական վիդեո չաթի ծառայությունը (ավելի ստույգ, Skype-ի վիդեոզանգերը կինտեգրվեն Facebook-ում): Դեռևս խոսքը գնում է միայն 1-1 վիդեոզանգերի մասին (Skype-ում խմբակային վիդեոզանգերը վճարովի են):

Advertisements

1 մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

Ինֆորմացիոն պատերազմներ

Դժվար թե ինչ-որ մեկը տեղյակ չլինի Թունիսում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմներին ու հեղաշրջմանը: ԶԼՄ-ները արդեն երկու ամիս է անընդհատ պատմում են դրա մասին:
Դեռևս տարվա սկզբին Թունիսի հատուկ ծառայությունները պարզել են, որ ընդդիմության անդամները հաղորդակցվում, հակակառավարական քարոզչություն են վարում և հավաքներ են կազմակերպում Facebook սոցիալական ցանցի օգնությամբ: Սա ի նկատի ունենալով, կառավարության պահանջով երկրի միակ ինտերնետ մատակարարը ISP-ի մակարդակով ներդրել է JavaScript կոդ, որի օգնությամբ հավաքվել է Facebook-ից օգտվող բոլոր քաղաքացիների մուտքանուններն ու գաղտնաբառերը (ինչ-որ ձևով HTTPS էջերը ներքին կարգով բերվել են HTTP-ի?): Շատերը կորցրել են իրենց հաշիվների կառավարումը:
Zuckerberg_sign.jpg
Հունվար ամսվա սկզբին, հաշվի առնելով Թունիսի բաժանորդներից ստացվող տարօրինակ բողոքները, սոց. ցանցի անվտանգության բաժնի վարիչ Ջո Սալլիվանը հանձնարարել է իր աշխատակիցներին պարզել բողոքների պատճառը: Նույն ամսում աշխատակիցները հասկանում են, որ գողացված են բոլոր թունիսցիների հաշիվները և որ «կողոպուտը» կազմակերպել են երկրի հատուկ ծառայությունները: Մեկ ուրիշ կազմակերպություն, գուցե, չփորձեր խթանել նման բարձր մակարդակով իրականացվող անօրինությունը: Այնուամենայնիվ, Հունվարի 10-ին թունիսցի օգտվողների համար սկսել է կիրառվել հատուկ երկմակարդակ մուտքի համակարգ՝ առաջին փուլում առաջարկվում է մուտքագրել սովորական մուտքանունն ու գաղտնաբառը, երկրորդում՝ տրված մարդկանց նկարներից գտնել օգտվողին ծանոթ նկարը: Այսպիսով Facebook-ը ձեռնոց է նետել թեև փոքր, բայց իրական պետության հասցեին: Զարմանալի չի լինի, եթե մոտ ապագայում Թունիսում կայքն ընդհանրապես արգելափակեն:

1 մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

facebook-ի ստեղծման մասին պատմող ֆիլմը գրոհում է կինոթատրոնները

kinopoisk.ru-Social-Network_2C-The-1311175Ռեժիսոր Դեվիդ Ֆինչերի նկարահանած, facebook ամենամեծ սոցիալական ցանցի ստեղծման պատմությունը նկարագրող «Սոցիալական Ցանցը» ֆիլմը արդեն հասցրել է հավաքել ~130 միլիոն դոլար աշխարհի կինոթատրոններում ցուցադրումներից: Գումարը երկու անգամ գերազանցում է ֆիլմի նկարահանման և գովազդի վրա ծախսված միջոցները (հաշվի առնելով նաև կինոթատրոններին հասանելիք եկամուտը): Ֆիլմը պատմում է Հարվարդի համալսարանի առաջին կուրսեցիների հոյակապ մտահղացման և դրա իրագործման մասին, և թե ինչպես է կայքը վերածվել ընկերների հետ շփվելու հանգրվան Երկիր մոլորակի 500 միլիոն բնակիչների համար: Ի դեպ, վիճակագրությունը գուշակում է, որ մեկ-երկու տարի հետո ցանցը այցելությունների քանակով կգերազանցի նույնիսկ Google-ը: Երևանի կինոթատրոններում այն դեռևս չի ցուցադրվում:

Ֆիլմի գովազդային հոլովակը

Թողնել մեկնաբանություն

Filed under Կինո և Հեռուստատեսություն

IT նորությունները համառոտ

Google-ի նոր ծրագիրը Android համակարգի համար
Google Voice Actionsx-large 

Google-ը թողարկել է Voice Actions կոչվող անվճար ծրագիրը Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Այժմ այդ համակարգից օգտվողնրը կարող են թելադրել սարքին SMS հաղորդագրություններն ու էլեկտրոնային նամակները, ինչպես նաև առանց ձեռքով հեռախոսին դիպչելու կատարել զանգեր: Օրինակ՝ հեռախոսից օգտվողը կարող է «խնդրել» հեռախոսին զանգել Volare ռեստորան. ծրագիրը միանալով Google Maps ծառայությանը, գտնում է ռեստորանի հասցեն ու հեռախոսի համարը և զանգում է այդ համարով:

Աղբյուրը՝ http://usatoday.net

Չինաստանում արգելված են խաղային կոնսոլները
500x_iquedisplay

Մի շատ զարմանալի ու պարադոքսալ փաստ: Չնայած նրան, որ ամենատարածված խաղային կոնսոլները՝ Nintendo Wii-ն, Microsoft XBOX360-ը և Sony PS3-ը արտադրվում են Չինաստանում, երկրի կառավարությունը արգելել է դրանց վաճառքը, պատճառաբանելով, որ երեխաները և երիտասարդները չպետք է իրենց ուղեղները փչացնեն վիդեո խաղեր խաղալով: Ամեն դեպքում, վիդեո խաղեր սիրող չինացիները կարող են հեշտությամբ ձեռք բերել կոնսոլները և դրանց խաղերը սև շուկայից: Օրենքի նախագիծը Մշակույթի նախարարությունը ձևավորել էր դեռևս 2000թ., սակայն խստորեն այն սկսել են կիրառել բոլորովին վերջերս: Nintendo-ն գտել է օրենքը շրջանցելու եղանակը, թողարկելով iQue plug-and-play սարքը, որը թույլ է տալիս ընկերությանը վաճառել իր խաղերը օրիանական եղանակով: Օրենքի ընդունումը, սակայն, բարդություններ է առաջացրել Microsoft-ի վերջին խաղային սարքի՝ Kinect-ի համաշխարհային իրացման գործում:

Աղբյուրը՝ http://kotaku.com

Twitter-ը թողարկում է իր սեփական tweet կոճակը
twitter

Twitter հանրահայտ սոցիալական ցանցը պատրաստ է թողարկելու իր սեփական tweet կոճակը, որը նման է facebook-ի like կոճակին: Tweet-ը, ինչպես և Like-ը կարելի կլինի գտնել ամբողջ ցանցով մեկ: Սրա օգտնությամբ միանգամից կարելի կլինի կիսվել ընկերների հետ աչքի ընկած նորությամբ կամ հետաքրքիր էջով: Ընկերությունը մտադիր է «արտադրության» հանձնել կոճակը այս շաբաթ:

Աղբյուրը՝ http://telegraph.co.uk

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Одноклассники vs facebook


Վերջին տարիներին նկատվում է ինտերնետային սոցիալական ցանցերի բուռն զարգացում: Եվ մյուս երկրների նման, Հայաստանը նույնպես անմասն չմնաց սոցիալական ցանցերի բաժնետերերի հարստացման գործում: Ավաղ ոչ բոլոր սոց. կայքերն են միլլիոններ դիզում ազնիվ ու ճիշտ ճանապարհով: Ըստ վիճակագրության Հայաստանում այսօր ամենատարածված ցանցը ռուսական Одноклассники կայքն է: Այս կայքի վայելած “բարի” համբավը հայաստանաբնակների մեջ լոկ պատրանք է: Որպեսզի դրանում համոզվեք, առաջարկում եմ համեմատել այն աշխարհի ամենտատարածված սոցիալական ցանցի՝ facebook-ի հետ: Այս հոդվաղի վերնագիրը կարելի էր տալ նաև այսպես. “10 պատճառ, ինչու է facebook-ը ավելի լավ, քան Одноклассники-ն”:

1. facebook-ը բացառապես անվճար է
Այո, այո: Ոչ ոք ձեզ չի ստիպի սիրուն սմայլերի կամ 10-ից ավել նկար տեղադրելու համար փող վճարել: Ընդհանրապես Одноклассники-ի բիզնես պլանը ամբողջովին հենում է կայքի եկամուտը շարքային օգտագործողի վրա, ինչը չի ողջունվում ժամանակակից բիզնես աշխարհում:

2. facebook-ը բացառապես առանց գովազդի է
Այս առավելությունը ոչ միայն տրաֆիկ տնտեսելու լավ հնարավորություն է ընձեռնում, այլև ազատում է օգտագորզողի աչքը զզվեցնող զանազան փայլփլուն գովազդներից: Այսպիսով օգտագործողի ուշադրությունը սևեռվում է ընկերների ու ծանոթների հետ շփման վրա, ինչի նպատակով ի սկզբանե ստեղծվել են սոցիալական ցանցերը:

3. facebook-ը ընձեռում է առավել հարմար հաղորդակցման պայմաններ
Ձեզ այստեղ ոչ ոք զգուշացումներ չի տա հաղորդագրությունների մեջ դեպի արտաքին կայքեր հղումներ գրելու դեպքում (նույնիսկ ծիծաղելի է, одноклассники բառը համանուն կայքում դիտարկվում է որպես անպարկեշտ բառ ու չի թույլատրվում): Դեռ ավելին, դուք ազատ կերպով կարող եք ձեր հաղորդագրություններին կցել տեսահոլովակներ, ձայնագրություններ և ընդհանրապես facebook-ի պլատֆորմայի հետ համատեղելի ցանկացած կոնտենտ: Ասեմ նաև, որ ֆեյսբուքը առավել լավ է պաշտպանված սպամից: Դուք այստեղ չեք ստանա անպարկեշտ բովանդակությամբ հաղորդագրություններ, որոնք իբր թե ուղարկված են ձեր ընկերների կողմից:

4. facebook-ը շատ ավելի տարածված է
Այո, այսօր “ֆեյսբուքաբնակների” թիվը գերազանցում է 350 միլլիոնը: Ճիշտ է, օգտագործողների մեծ մասը ամերիկացիներ ու եվրոպացիներ են, բայց հայերի քանակն էլ վերջին տարվա ընթացքում կտրուկ աճել է: Ավաղ Հայաստանում ֆեյսբուքի հետ կապված վիճակագրություն չկա ու չի կարելի խոսել facebook-ում հայերի ստույգ թվի մասին:

5. facebook-ը լոկալիզացվում է
Այսօր այն հասանելի է մոտ 70 լեզվով ու այդ թիվը արագ աճում է: Հուսով եմ, շուտով կունենանք նաև հայերեն ֆեյսբուք:

6. facebook-ը ընձեռում է ճկուն պլատֆորմա հատուկ վեբ ծրագրերի ապահովման համար
Առանց լքելու ձեր ֆեյսբուք էջը, դուք կարող եք օգտվել հազարավոր վեբ ծրագրերից (facebook applications), որոնք գրված են հատուկ ֆեյսբուքի համար: Այդպիսի ծրագրերը շատ բազմազան են, սկսած պարզագույն quiz հարցումներից մինչև տարատեսակ օնլայն multiplayer խաղերը:

7. facebook-ը ունի ավելի պարզ ու ինտուիտիվ միջերես (interface)
Ֆեյսբուքի միջերեսն ազատված է այնպիսի անպետք էլեմենտներից, ինչպիսիք են ձեր էջն այցելած օգտագործողների մասին էջը, անտեսանելի ռեժիմը անջատել/միացնելու համար կոճակը: Այսպիսով դուք ապահովված եք մարդկանց մի տեսակից (որոնց ճիշտ կլիներ անվանել օնլայն լրտեսներ), որոնք ամբողջ օրը փորփրում են ուրիշների էջերը ու ներխուժում նրանց անձնական կյանքը: Ավելացնեմ նաև, որ ֆեյսբուքն ունի շատ արագ ու հարմար չաթի պնակ:

8. facebook-ը համատեղելի է բազմաթիվ օնլայն ծառայությունների հետ
Ձեր facebook account-ի ինֆորմացիան օգտագործելով կարող եք օգտվել բազմաթիվ օնլայն ծառայություններից (առանց լրացուցիչ գրանցման): Օրինակ՝ playlist.com-ում կարող եք րոպեների ընթացքում ստեղծել ձեր սիրաղ երգերով ցուցակ և կիսել այն ձեր ընկերների հետ:

9. facebook-ը կապ է հաստատում ձեր և ձեր սիրած արվեստագետների միջև
Ֆեյսբուքն ունի հայտնի մարդկանց/կազմակերպությունների/ֆիլմերի էջեր, որոնցից դուք կարող եք ստանալ ամենաթարմ տեղեկատվությունը գալիք համերգների, ակցիաների մասին:

10. facebook-ը միշտ որոնում է երիտասարդ տաղանդներ
Ֆեյբուքը ունի աշխատատեղեր և պատրաստ է գործով ապահովել երիտասարդ տաղանդավորող մասնագետների՝ ծրագրավորողների, մարկետոլոգների և այլն: Մանրամասների համար այցելեք http://www.facebook.com/careers:

Եվ վերջում ամենակարևորը: Մի մոռացեք, որ սոցիալական ցանցերը ընդհամենը ընկերների ու բարեկամների միջև կապը պաշտպանելու համար են: Մի գերադասեք թվային կյանքը իրականին: Իրական շփումը ընկերների հետ ոչինչ չի կարող փոխարինել:

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն